Exodus 16:14-35

ArmenianEastern(i) 14 Առաւօտեան, երբ ցօղը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր եւ երկրի վրայի եղեամի նման մի բան կար: 15 Երբ իսրայէլացիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»: Որովհետեւ չգիտէին, թէ դա ինչ է: Մովսէսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տէրը ձեզ տուել է ուտելու: 16 Տէրը հետեւեալն է պատուիրել. «Իւրաքանչիւր ոք դրանցից թող հաւաքի այնքան, որքան անհրաժեշտ է մէկ մարդու համար, ըստ ձեր ընտանիքների շնչերի թուի: Հաւաքեցէ՛ք ըստ վրանում գտնուող իւրաքանչիւր մարդու թուի»: 17 Իսրայէլացիներն այդպէս էլ արեցին. հաւաքեցին ոմանք շատ, ոմանք քիչ: 18 Չափեցին եւ տեսան, որ ումը որ շատ էր, սահմանուած չափից չաւելացաւ, իսկ ումը՝ քիչ, սահմանուած չափից չպակասեց: Իւրաքանչիւրը իր կարիքի չափով էր հաւաքել: 19 Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի»: 20 Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին. դրանից աւելցուկ մնաց առաւօտեան: Դա որդնոտեց ու նեխեց: Մովսէսը զայրացաւ նրանց վրայ: 21 Դրանից յետոյ ամէն առաւօտ իւրաքանչիւրը հաւաքում էր իրեն պէտք եղածի չափ: Երբ արեւը տաքացնում էր, այն հալւում էր: 22 Վեցերորդ օրը հաւաքեցին պէտք եղածի կրկնապատիկը՝ ամէն մէկի համար երկուական բաժին: Ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին Մովսէսի մօտ ու նրան յայտնեցին այդ մասին: 23 Մովսէսն ասաց. «Այս է Տիրոջ ասածը. «Վաղը շաբաթ է, Տիրոջ հանգստեան սուրբ օրը: Ինչ որ եփելու էք, եփեցէ՛ք, ինչ որ թխելու էք, թխեցէ՛ք այսօր, իսկ մնացած ամէն ինչ թողէ՛ք ամանների մէջ մինչեւ առաւօտ»: 24 Եւ դա թողեցին մինչեւ առաւօտ, ինչպէս նրանց հրամայել էր Մովսէսը. այն չնեխեց, չորդնոտեց: 25 Մովսէսն ասաց. «Այդ կերէ՛ք այսօր, քանի որ Տիրոջ շաբաթ օրն է այսօր, դրանից այսօր դաշտում չէք գտնի: 26 Վեց օր կը հաւաքէք դա, իսկ եօթներորդ օրը՝ շաբաթ օրը դրանից չի լինի»: 27 Եօթներորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հաւաքելու, բայց չգտան: 28 Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չպիտի անսաք իմ պատուիրաններին ու օրէնքներին: 29 Տեսաք, որ Տէրը ձեզ հանգստեան օր նշանակեց այս շաբաթ օրը: Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրուայ հաց տուեց՝ ասելով. «Ձեզնից իւրաքանչիւրը թող նստի իր տանը, եօթներորդ օրը թող ոչ ոք չելնի այդ տեղից»: 30 Եւ ժողովուրդը եօթներորդ օրը հանգստացաւ: 31 Իսրայէլացիները իրենց կերածի անունը դրեցին ման: Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ունէր: 32 Մովսէսն ասաց. «Ահա թէ ինչ հրամայեց Աստուած. «Մի ամանի մէջ մէկ չափ մանանայ լցրէ՛ք եւ այն պահեցէ՛ք ձեր սերունդների համար, որպէսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տէրը ձեզ հանեց Եգիպտացիների երկրից»: 33 Մովսէսն ասաց Ահարոնին. «Մի ոսկէ սափոր ա՛ռ, դրա մէջ մէկ չափ մանանայ լցրո՛ւ եւ դի՛ր Աստծու առաջ՝ պահելու ձեր սերունդների համար, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»: 34 Եւ Ահարոնն այն ի պահ դրեց Կտակարանների արկղի առաջ: 35 Իսրայէլացիները քառասուն տարի մանանայ կերան, մինչեւ որ հասան մի բնակեցուած շրջան: Նրանք մանանայ էին ուտում, մինչեւ որ հասան փիւնիկեցիների կողմերը: